«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Տևողությունը՝ սեպտեմբեր ամիս

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Ադապտացում միջավայրին (միջավայրի յուրացում).
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Մեդիագործիքների կիրառում
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ։

Ուսումնական գրականությանայլ ռեսուրսների ցանկ

  • «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
  • Աթաբեկ Խնկոյան. Աքաղաղն ու կտուրը
  • Հովհաննես Թումանյան. Լուսաբացին
  • Հովհաննես Թումանյան. Անհաղթ աքլորը
  • Հովհաննես Թումանյան. Ծիտը
  • Ղազարոս Աղայան. Ծիտը և բազեն

Ազգային, բակային խաղեր

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Լեզվագործունեություն

Պատումներ, զրույց-քննարկումներ

Հիմնական թեմաները՝

  • Ես եմ
  • Իմ սիրելի խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը
  • Բերանացի իմանալ ու խաղալ գրական ստեղծագործությունները

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով, գուաշով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով, ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Մաթեմատիկա

Բանավոր համրանք՝

  • Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):
  • Այսօր քանի՞ սովորող կա դասարանում:
  • Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում: Այսօր քանի՞ տղա կա դասարանում: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:
  • Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել:

Մարմնամարզություն (խաղային գործունեություն)

Այս շրջանում շատ կարևոր է խաղային գործունեության առկայությունը սովորողի ուսումնական առօրյայում: Առավոտը սկսել դրական տրամադրություն ու համախմբվածություն փոխանցող ազգային խաղերով, ինչպես նաև բակային խաղեր խաղալ:

Նախագծի արդյունքներն ամփոփվում են դասարանական բլոգում:

Աղբյուրը՝ այստեղ

Նախագծի ամփոփումը՝ հղումով։